ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատվելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը, օգտվելով իր իրավունքից, արտահերթ նիստ է պահանջում: Նա կարծում է, որ «հարցերը, որոնք առաջարկվել են կառավարության կողմից, կարող ենք քննարկել 3 ամիս հետո: Մեզ համար ակնհայտ է, որ ԱԺ նախագահը, օգտվելով իր իրավունքից և լիազորություններից, չի կարող արտահերթ նիստ չհրավիրել: Ընդդիմության բարձրացրած հարցերը շատ ավելի առաջնային են»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան հակադարձեց.
«Ես իմ լիազորություններին շատ լավ եմ տիրապետում և թույլ տվեք ասել, որ ես լավ գիտեմ, թե որ հարցն է առաջնային, որը` ոչ»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ շտապողականությամբ հարց չի լուծվում: «Լավ կլինի այդ կարևոր հարցերի վերաբերյալ առանձին քննարկումներ կազմակերպել, որպեսզի ավելի առարկայական լինեն` մանավանդ որ բոլոր քաղաքական ուժերը շահագրգռված են այս հարցում»,- հայտարարեց Մինասյանը: